ԱՀ Ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է: Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, ինչը որակապես նոր գործելաոճ է ապահովում հարկային մարմնի և բիզնեսի միջև: Ընդառաջ գնալով հարկ վճարողների` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ առաջարկություններին, նախարարությունը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության հետ համատեղ ներդրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն ու ֆինանսների նախարարություն ներկայացնելու էլեկտրոնային տարբերակը: Հաշվետվությունը երկու կառույցներին էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել այն հարկ վճարողները, ովքեր ֆինանսների նախարարության հետ կնքել են հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր, ստացել համակարգ մուտք գործելու օգտվողի անուն և գաղտնաբառ ու գրավոր դիմում ներկայացրել շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն` հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ: Հաշվետվության էլեկտրոնային ներկայացման ընթացակարգին մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կայք էջի «Հարկային օրենսդրություն բաժնիե «Պարտադիր վճարներե ենթաբաժինը: Նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում քննարկելու բիզնեսի կողմից բարձրացված յուրաքանչյուր կառուցողական առաջարկ, որը կնպաստի մեր երկրի գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը:
|