Սույն թվականի նոյեմբերի 16-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը հրավիրված էր 2017թ. 9 ամիսների պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների պլան-առաջադրանքների կատարման ընթացքի, 4-րդ եռամսյակում կանխատեսվող մուտքերի, «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքի շրջանակներում պարտավորությունների մարման գործընթացի ու «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների քննարկման նպատակով: Զեկույցներով հանդես եկան կազմակերպական, հսկողական, եկամուտների հաշվառման և վերլուծության, օպերատիվ հետախուզության վարչությունների պետերը, արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության պետն ու հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները: Այնուհետև քննարկումներ կազմակերպվեցին ըստ ոլորտների և հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների արձանագրված` հարկեր/իրացման շրջանառություն հարաբերակցության, աշխատողների միջին թվաքանակի, աշխատանքի վարձատրության, իրացման շրջանառությունների և մի շարք այլ ցուցանիշների մասով, որի հետ կապված ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը հանձնարարեց հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարներին` վերհանված խնդիրների ուղղությամբ կանոնակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մասնավորապես, հարկ վճարողների կողմից վերոնշյալ ցուցանիշների իրական մեծությունների հայտարարագրումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել անհատական իրազեկման և բացատրական աշխատանքներ, քանի որ այսպիսի միջոցառումները մեծ արդյունավետություն են ապահովում: «Մեր նպատակը ոչ թե տույժ-տուգանքներ նշանակելն է, այլ բացատրական աշխատանքներ իրականացնելու միջոցով հարկ վճարողների շրջանում հարկային կարգապահության սերմանումն ու հարկերի ինքնուրույն և ճիշտ վճարման մշակույթի ամրապնդումն է» -ընդգծել է Արթուր Հարությունյանը, հավելելով, որ խիստ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն հարկերի վճարումից չարամտորեն խուսափող հարկ վճարողների նկատմամբ: Անդրադառնալով «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագրին Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարեց մինչև տարեվերջ շարունակել ծրագրով նախատեսված միջոցառումները` առանձնակի ուշադրություն դարձնելով գործատուների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, աշխատավարձերի թերհայտարարագրման և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտմանը: Միաժամանակ, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ամենօրյա աշխատանքներ տանել 2017 թվականի ծրագրավորված ցուցանիշների ապահովման ուղղությամբ` թույլ չտալով հարկ վճարողների կողմից ընթացիկ պարտավորությունների կուտակումներ:
|