Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթներում տարեսկզբից կատարված փոփոխությունները հարկ վճարողների կողմից ճիշտ ընկալելու ու գործնականում լիարժեք կիրառելու նպատակով սույն թվականի հունվարի 29-ին մեկնարկեց հարկ վճարողների համար նախատեսված սեմինար-խորհրդակցությունների հերթական շարքը: Առաջին հանդիպումը կայացել է Ստեփանակերտ քաղաքում, որի ընթացքում ներկայացվեցին 2018 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք միտված են տնտեսության որոշ ոլորտներում գործող արտոնությունների կիրառման ժամկետների երկարաձգմանը, հարկման մեխանիզմների կատարելագործմանը, որոշ պատասխանատվության միջոցների վերանայմանը, օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծմանը: Սեմինար խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասինե ԱՀ օրենքը, ինչպես նաև տրվեցին պարզաբանումներ` օրենքով նախատեսված պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման վերաբերյալ: Առաջիկայում համաձայն հաստատված ժամանակացույցի սեմինարներ կանցկացվեն նաև Հանրապետության շրջկենտրոններում:
|