Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը` տեսչություններում ժամանակակից սպասարկման պայմանների ապահովումն է: Այդ նպատակով աստիճանաբար վերակառուցվել և տեխնիկապես հագեցվել են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումները: Այսօր այդ շարքը համալրեց Մարտունու շրջանի հարկային տեսչությունը` նորաոճ սպասարկման սրահով և վերազինված ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու անհրաժեշտ այլ պարագաներով: Տեսչության շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով փետրվարի 3-ին ֆինանսների նախարարության ղեկավար անձնակազմը` նախարարի անմիջական գլխավորությամբ այցելեցին տեսչություն: Նախարարը շնորհավորելով ներկաներին, վստահեցրեց, որ հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը նախարարության գերակա ուղղություններից է. «Նպատակը մեկն է` պետք է բարձրացնենք հարկ վճարողների սպասարկման մակարդակը և դա պետք է իրականացնենք տեղակատվական տեխնոլոգիաների շարունակական կատարելագործման ու աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով», - ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը: Այսպիսով, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների վերակառուցման և վերազինման աշխատանքները հասցվեցին ավարտին. ներկայումս բոլոր ստորաբաժանումներում ստեղծված են հարմարավետ պայմաններ հարկ վճարողների սպասարկումն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով: Տեսչության գտնվելու վայրի նոր հասցեն է` քաղաք Մարտունի Վ. Խաչատրյան փողոց, 2-րդ փակուղի թիվ 1 շենքի 1-ին հարկ:
|