Փետրվարի 24-ին Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է "Բանկային համակարգի ձևավորման և կայացման գործընթացը Արցախի Հանրապետությունում" թեմայով կլոր սեղան, որին մասնակցել է նաև ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Հրավիրվածների թվում էին 1994-1998թթ ՀՀ ԿԲ նախագահ, տ․գ․թ․, դոցենտ Բագրատ Ասատրյանը, 1992-2017թթ․ ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, "Արցախբանկ" ՓԲԸ վարչության նախկին նախագահ Կամո Ներսիսյանը, մարդիկ ովքեր կանգնած են եղել հայկական երկու հանրապետություններում բանկային համակարգի ստեղծման ակունքներում: Հրավիրվածները Արցախի բանկային պատմության մեջ կարևորեցին 1990-ականների կեսերին բանկային համակարգի կարգավիճակի և կառուցվածքի վերաբերյալ քաղաքական որոշման ընդունումը, որով նախատեսվեց, որ հայկական երկու պետությունների բանկային համակարգերը գործելու են մեկ հարթությունում։ Այնուհետև միջոցառման մասնակիցները անդրադարձան բանկային համակարգի ձևավորման ու կայացման գործընթացին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության և նորմատիվ կարգավորման դաշտի ապահովմանը։
|