Ապրիլի 11-ին երկօրյա այցով Արցախ են ժամանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանը և խորհրդի անդամ Վիգեն Եղոյանը: Այցի նպատակը ԱՀ գործընկերներին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման հայաստանյան փորձի ներկայացումն ու առանձնահատկությունների քննարկումն է: Պատվիրակությանը ընդունել է ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով գործընկերներին` նախարարը կարևորել է կողմերի միջև արդյունավետ գործընկերության զարգացումը. « Մենք մշտապես փորձում ենք առավելագույն արդյունքի հասնել մեր համակարգված և հետևողական աշխատանքի միջոցով և հաշվապահական հաշվառման ոլորտում միասնական հարթակի ապահովումը կարևոր խնդիրներից մեկն է: Արցախում համակարգը գիտակցաբար ներդրվել է մեկ տարի ուշացումով և այսօր շարժվում ենք ըստ ժամանակացույցիե, - ասել է Գ. Մարտիրոսյանը: Դավիթ Անանյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում անընդհատ համապարփակ և խորքային բարեփոխումներ են իրականացվում հանրային հատվածի, աուդիտի և հարկային օրենսդրության ուղղություններով և այցի նպատակն է լավագույն փորձը և արդյունքները ներդնել Արցախում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանին ընդունել են նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Համաձայն աշխատանքային ծրագրի, ՀՀ գործընկերների կողմից անց են կացվում սեմինար-խորհրդակցություններ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման և աուդիտի զարգացման վերաբերյալ , որոնց մասնակցում էին ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, ԱՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները և պետական մարմինների հաշվապահները: Միաժամանակ, քննարկումներ են կազմակերպվում 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրված Հարկային օրենսգրքով սահմանված հարկման նոր մոտեցումների շուրջ:
|