Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԱՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել է գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։ Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձիք: Ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ 2017 թվականի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 272.1 մլդ դրամ՝ 2016թ.-ի նկատմամբ արձանագրելով 15.6%-ի աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 97.5 մլդ դրամ, աճելով 54,78%-ով: Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155, 433 դրամ, որը 1,8%-ով ավել է 2016թ.-ի ցուցանիշից: 2017թ.-ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41 մլրդ 355.9մլն դրամ, կամ պլանավորվաց ցուցանիշը գերակատարվել է 6.6%-ով: Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ապահովվել են հարկային եկամուտները, որոնք կազմել են 39,111.2 մլն դրամ՝ 2016թ.-ի նկատմամբ արձանագրելով 22.7 %-ի աճ: Պետական բյուջեի ծախսերի ծավալը կազմել է 92 մլդ 98.1 մլն դրամ: Հաշվետու տարվան նախորդող տարվա համեմատ, ծախսերն ավելացել են 8.8-ով%: Այնուհետև ֆինանսների նախարարը պատասխանել է ԱՀ ԱԺ պատգամավորներին մտահոգող հարցերին:
|