Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։ Նախարարը ներկաներին ներկայացրել է վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացված հիմնական բարեփոխումների ուղղությունները, ինչպես նաև ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված առաջիկա ծրագրերը: Իր խոսքում Արթուր Հարությունյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը` առաջարկելով իրենց մասնակցությունն ունենալ Արցախում նախագծվող ծրագրերին, և որպես համագործակցության առաջին քայլ առաջարկվեց կարծիքներ ներկայացնել նախարարության կողմից մշակված «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգի» նախագծի վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Առաջնորդության դպրոց»հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Մովսիսյանը կարևորել է նախարարության և դպրոցի միջև համագործակցությունը` հայտնելով իրենց պատրաստակամությունը մասնակցելու նոր նախաձեռնություններում: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցիե ներկայացուցիչների հարցերին։
|