2018թ. հուլիսի 30-ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգը»: Մինչ կառավարության քննարկմանը ներկայացնելը հայեցակարգի նախագիծը դրվել էր հանրային լայն քննարկման` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ անձանց ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ: Կազմակերպվել է նաև հանդիպում-քննարկում հասարակական միավորումների և այլ շահագրգիռ անձանց հետ, որոնց կողմից քննարկումների ժամանակ հնչեցված առաջարկությունները ներառվել են նախագծում: Հայեցակարգը բաղկացած է 4 մասից. - 2010-2017թթ. իրականացված բարեփոխումները, - համակարգում առկա խնդիրները, - առաջիկա տարիներին հարկային բարեփոխումների ուղղություններն ու նախանշված նպատակներին հասնելու եղանակները, - ակնկալվող արդյունքները: Համաձայն հայեցակարգային դրույթների` հարկային համակարգի ռազմավարական զարգացումը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացում, հսկողական աշխատանքների և մեխանիզմների կատարելագործում, հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավում, հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործում: Առաջիկայում ֆինանսների նախարարի հրամանով կհաստատվի հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որով կսահմանվեն հայեցակարգով նախատեսված բարեփոխումների իրագործման հստակ ժամկետներ: Հայեցակարգին կարող եք ծանոթանալ` այցելելով կայքէջի «Հրապարակումներ» բաժինը:
|