ԱՀ ֆինանսների նախարարը հավաստագրեր է հանձնել օրինապահ հարկ վճարողների չափանիշներին համապատասխանող հարկ վճարողներին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը դեկտեմբերի 25-ին հավաստագրեր է շնորհել 99 հարկ վճարողների, ովքեր համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին: Շնորհակալություն հայտնելով ներկաներին օրինապահ գործընկեր լինելու համար՝ Արթուր Հարությունյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում այս նախաձեռնությունը, որի նպատակն է հարկ վճարողների շրջանում ձևավորել և ամրապնդել հարկերի ինքնուրույն հաշվարկման և վճարման մշակույթը: «Ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ օրինապահ հարկ վճարողների շարքերը այսօր համալրել են ավելի մեծ թվով հարկ վճարողներ: Նաև ուրախալի է, որ Ձեզանից շատերը հաստատակամորեն պահպանել են իրենց տեղն այս շարքերում», -իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը, հույս հայտնելով, որ տարեցտարի ավելի մեծ թվով հարկ վճարողներ կընդգրկվեն այդ ցանկերում ու որպես հարկային մարմնի գերնպատակ, ամբողջ Հանրապետությունում ունենանք միայն օրինապահ հարկ վճարողներ: Նախարարն անդրադարձել է նաև 2019 թվականին համակարգում սպասվող նորարարություններին. մասնավորապես գալիք տարում ներդրվելու են հարկ վճարողների պարտավորությունների հաշվառման, հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգերը և մի շարք այլ բարեփոխումներ: Հանդիպման ավարտին Արթուր Հարությունյանը ներկաներին շնորհավորել է ամանորյա տոների կապակցությամբ և մաղթել, որ 2019 թվականը լինի խաղաղության ու տնտեսական վերելքի տարի: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկերին կարող եք ծանոթանալ tax.nk.am կայքից:
|