Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով  
25.01.2019

    Հունվարի 25-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է նախորդ տարվա տնտեսական զարգացումների և հարկաբյուջետային քաղաքականության արդյունքներն ու ներկայացրել առաջիկայում ծրագրվող աշխատանքները:

    Մասնավորապես, անդրադառնալով 2018թ.-ի մակրոտնտեսական ցուցանիշներին, նախարարը նշել է, որ 2018թ.-ի համախառն ներքին արդյունքի կանխատեսվող աճը կկազմի 11 տոկոս: «Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների ավելացված արժեքի աճը, որոնք, ըստ սպասումների, կապահովեն տնտեսական աճի համապատասխանաբար 4.4 և 1.4 տոկոսային կետը, իսկ նյութական արտադրության մյուս ճյուղերի հաշվին կապահովվի տնտեսական աճի շուրջ 5.2 տոկոսային կետը:»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:

    Այնուհետև նախարարն անդրադարձել է պետական բյուջեի սեփական եկամուտների կատարողականին. այն կազմել է 54 մլրդ 292 մլն դրամ` ապահովելով ծրագրային ցուցանիշի 100.9 տոկոսը կամ պլանավորված ցուցանիշից ավել 479 մլն դրամով: Սեփական եկամուտների կազմում գերակշիռ մասը կազմում են հարկային եկամուտները և պետական տուրքերը: 2018 թվականին հարկային եկամուտների և պետական տուրքի գծով բյուջե է մուտքագրվել 53 մլրդ 532 մլն դրամ, որը պլանավորված 53 մլրդ 172 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 0.7 %-ով կամ 360 մլն դրամով: «Նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների և պետական տուրքի գծով մուտքերն աճել են 34.6 %-ով կամ ավել 13 մլրդ 743 մլն դրամով, որից 10 մլրդ 62 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3 մլրդ 681 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և իրականացված հետևողական վարչարարության արդյունքում:»,- նշել է նախարարը:

    Անդրադառնալով 2018 թ.-ի բյուջետային ծախսերին՝ Արթուր Հարությունյանը նշել է, որ այն կազմել է 104 մլրդ 296.6 մլն դրամ` ապահովելով նախատեսված ծրագրի 97.1 տոկոսը, այսինքն` տարին ամփոփվել է առանց պարտավորությունների կուտակման: «Պետական բյուջեի կատարման ընթացքում մեզ հաջողվել է ամբողջ ծավալով ֆինանսավորել աշխատավարձերը, թոշակները, նպաստներն ու սոցիալական բնույթի այլ ծախսերը, ինչպես նաև կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսական ոլորտի բոլոր ծրագրերը:»,- ընդգծել է նախարարը:

    Այնուհետև նախարարը ներկայացրել է 2019թ. պետական բյուջեի կառուցվածքն ու նորույթները: Բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 54.7 մլրդ դրամի չափով, այսինքն` աճը 2018 թվականի համար ծրագրված եկամուտների նկատմամբ կկազմի 3.2 տոկոս: Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական բյուջեով նախատեսվել են 54.2 մլրդ դրամի չափով կամ ավել 2018 թվականի համար ծրագրված մուտքերից 1.5 մլրդ դրամով: «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի շուրջ 16.5 տոկոս: Ընդհանուր առմամբ, ըստ կանխատեսումների հարկային եկամուտների ավելի քան 75 տոկոսը կապահովվի խոշոր հարկ վճարողների հաշվին:

    Ընթացիկ տարվա պետական ծրագրերի մասով նախարարը նշել է, որ 2019 թ.-ին պահպանվելու են բոլոր այն սոցիալական պարտավորությունները, որոնք ստանձնել է պետությունը:

    Բացի գործող ծրագրերից 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվել են մի շարք նոր ծրագրեր. մասնավորապես, սահմանվելու է նվազագույն կենսաթոշակ 25500 դրամի չափով, որի համար 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 251.1 մլն դրամ, որից կօգտվի ավելի քան 3300 շահառու, 2019 թվականի հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ պայմանավորված պետության կողմից վճարվելիք կուտակային հատկացումների ծրագրի շրջանակներում նախատեսվել է հատկացնել 1.8 մլրդ դրամ, առողջապահության ոլորտի բուժանձնակազմի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացվելու է շուրջ 500 մլն դրամ:

    Այնուհետև նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականությանն ու հարկային վարչարարությանը: Այս մասով տարվող աշխատանքներում նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ուղղություններ, որոնց զարգացումը նախարարության գերնպատակն է լինելու:

    2018թ. իրականացված աշխատանքների շարքում Արթուր Հարությունյանը կարևորել է «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի ներդրումը, որը հնարավորություն կտա ոլորտում համակարգված և իրատեսական բարեփոխումներ իրականացնել: «Հայեցակարգում առանցքային ուղղություն է համարվել գործարարների համար բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորումը, ինչը ներդրումների իրականացման համար կարևորագույն խթաններից մեկն է: Դրան համապատասխան մշակվել և այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հարկային ոլորտը կանոնակարգող մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են գործարար միջավայրի` հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկման առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը, ինչպես նաև որոշ ոլորտներում առավել օպտիմալ դրույքաչափերի սահմանմանն ու արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը, որի արդյունքում ավելի քան 2200 փոքր ու միջին հարկ վճարողներ, որոնք կազմում են հանրապետությունում գործող հարկ վճարողների շուրջ 37 տոկոսը, կգործեն հարկման բավականին արտոնյալ դաշտում:»,- շեշտել է նախարարը:

    Նախարարն անդրադարձել է նաև հարկատու-հարկային մարմին փոխհարաբերությունների բարելավման ուղղությամբ տարվող քայլերին, ինչպես նաև համակարգի արդիականացմանն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված աշխատանքներին ու առաջիկայում էլետրոնային կառավարման համակարգում նախատեսվող նորամուծություններին:

    Ստվերային շրջանառությունների դեմ տարվող աշխատանքների մասով նախարարը նշել է, որ հաշվետու տարում արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման, պակասորդի հայտնաբերման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման թվով 135 իրավախախտման դեպք:

    Հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի շրջանակներում կատարվել է վերադարձ 285 վարձու աշխատողի` 145 մլն դրամի չափով: Ընդհանուր առմամբ 2015 թվականի ապրիլի 1-ից սկսած նշված ծրագրից օգտվել են 352 վարկառուներ` ստանալով 432 մլն դրամի չափով եկամտային հարկի վերադարձ:

   Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև պետական մարմիններում իրականացված ստուգումների արդյունքները, հանրային հատվածի կազմակերպությունների հետ հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման հետ կապված տարվող աշխատանքները, պետական բյուջեից իրականացվող ծախսերի արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակով գանձապետական համակարգում իրականացված բարեփոխումները: Աշխատանքների արդյունավետության բարձրացման գործում նախարարը հատկապես կարևորել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության, պետական եկամուտների կոմիտեի և մի շարք այլ կառույցների հետ սերտ համագործակցությունը:

    Վերջում Արթուր Հարությունյանը պատասխանել է լրագրողների առաջադրած հարցերին:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (07/19) 476.48 դրամ
EUR (07/19) 535.52 դրամ
RUB (07/19) 7.56 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (II եռ.) 240.99 դրամ
Պլատին (II եռ.) 13395.16 դրամ
Ոսկի (II եռ.) 20435.27 դրամ
Տեսանյութեր