Արցախի Հանրապետությունում 2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգ: Կենսաթոշակային բարեփոխումները համակարգված իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ` տարբեր գերատեսչությունների պատասխանատու պաշտոնատար անձանց ներգրավմամբ: Խմբի կողմից իրականացվելիք աշխատանքները պլանավորելու նպատակով ապրիլի 2-ին անց է կացվել նիստ` խմբի ղեկավար, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, որի ընթացքում ներկայացվել և հաստատվել է «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների» պլան–ժամանակացույցը: «Ժամանակացույցում առանձնացվել են 4 հիմնական ուղղություններով իրականացվելիք միջոցառումները` օրենսդրական, տեխնիկական, կազմակերպչական և հանրային իրազեկման, սահմանվել դրանց կատարման վերջնաժամկետներն ու պատասխանատու գերատեսչությունները: Իրականացվելիք միջոցառումների մեկնարկը տրվում է հենց այս պահից. անհրաժեշտ է բարձր պատասխանատվությամբ մոտենալ բարեփոխումների այս ծրագրի իրագործմանը: Նախատեսվող միջոցառումների իրականացման ընթացքում խնդիրներ ծագելու դեպքում արտահերթ կգումարվեն աշխատանքային խմբի նիստեր` դրանց լուծումներ տալու նպատակով:»-իր խոսքում շեշտել է Արթուր Հարությունյանը` կարևորելով խմբի անդամների միջև ամենօրյա շփումները: Նախարարը տեղեկացրեց նաև, որ աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ևս ձևավորվել է աշխատանքային խումբ և առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ` հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով:
|