ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը  
21.05.2019

    2019 թվականի մայիսի 20-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Ազգային Ժողովում ներկայացրել է 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

    2018 թ. անվանական արտահայտությամբ ՀՆԱ-ն Արցախի Հանրապետությունում կազմել է 310.3 մլրդ դրամ` 2017 թվականի 272.1 մլրդ դրամի դիմաց, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս: «Նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, հանքաարդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճը, որն ապահովել է տնտեսական աճի մոտ 5.1 տոկոսային կետը», իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը: Միաժամանակ, արձանագրվել է դրական դինամիկա տնտեսության ճյուղային դիվերսիֆիկացիայի առումով: Այսպես, հանքաարդյունաբերությունից բացի, արդյունաբերության մնացած ճյուղերի հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2 տոկոսային կետը՝ նախորդ տարվա 1.6 տոկոսային կետի դիմաց: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103.3 հազար դրամ, նախորդ տարվա 1մլն 855.9 հազար դրամի դիմաց:

    Այնուհետև նախարարը ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 125 մլրդ դրամ, որը, 2017 թվականի համեմատ, իրական արտահայտությամբ աճել է 29.3%-ով: Շինարարության ծավալը կազմել է շուրջ 52.5 մլրդ դրամ՝ ապահովելով 11.5% աճ: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 74.1 մլրդ դրամ: 2018 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը 2017 թվականի նկատմամբ աճել է 3.7%-ով՝ կազմելով 161.181 դրամ:

    Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև անցած տարվա արտաքին առևտրաշրջանառության ծավալն՝ նշելով, որ այն կազմել է 555.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով 24.9% աճ, ընդ որում՝ առանց հանքաարդյունաբերության ոլորտի աճը կազմել է 22.3%: Ապրանքների ներմուծման ծավալն աճել է 22.6%-ով` կազմելով 353 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալն աճել է 29%-ով և կազմել 202.1 մլն ԱՄՆ դոլար: Գնաճը 2018 թվականին կազմել է 1.8%:

    Անդրադառնալով 2018 թվականի բյուջեի մուտքերին` Արթուր Հարությունյանը նշել է, որ 2018 թվականի պետական բյուջեով պլանավորված 53 մլրդ 813.1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54 մլրդ 282.1 մլն դրամ կամ ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100.9 տոկոսով, որն իր հերթին 31.3 տոկոսով կամ 12 մլրդ 926.2 մլն դրամով ավել է 2017 թվականի փաստացի ցուցանիշից: Նախատեսված 53 մլրդ 172 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի մասով փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 53 մլրդ 522.4 մլն դրամ: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 17.3%՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 2.6 տոկոսային կետով: Նա կարևորել է այն փաստը, որ 2018 թվականին առաջին անգամ պետական բյուջեի սեփական եկամուտները գերազանցել են ՀՀ-ից ստացվող բյուջետային վարկի չափը:

    Նախարարը նաև ներկայացրել է 2018 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերն ու դրանց կառուցվածքը: ԱՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 104 մլրդ 450.7 մլն դրամ՝ապահովելով պլանավորված ցուցանիշի 97.2%-ը: Ընդ որում, կառավարության կողմից նախանշված հիմնական ծախսային գերակայությունները, որոնք նախատեսվել են 2018 թվականի պետական բյուջեով, համապատասխանում են այն առաջնահերթություններին, որոնք ամրագրված են 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում:

    Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 22 մլրդ 127.2 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 21 մլրդ 834.5 մլն դրամ, որն ուղղվել է սոցիալական բնագավառի թվով 49 ծրագրերի իրականացմանը: Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտն է, որն ընդհանուր բյուջեի ծախսերում կազմում է 21.0%: «Կուզենայի առանձնահատուկ նշել, որ բյուջեի կառուցվածքում աշխատավարձերի, թոշակների և նպաստների գծով ծախսերը կազմում են ընդհանուր բյուջեի շուրջ 52%-ը:»-ընդգծել է նախարարը:

    Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 14 մլրդ 592.8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 14 մլրդ 247.1 մլն դրամ:

    Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրի համար բյուջեից տրամադրվել է 2 մլրդ 389.3 մլն դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 350.6 մլն դրամ, որն ուղղվել է փոխառությունների տրամադրմանը, առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորմանը և գյուղի ու գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրերի իրականացմանը:

    Տնտեսական հարաբերություններին, բնակարաններին ուղղված ծախսերը կազմել են 14 մլրդ 501.4 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 32,5%-ով: Արցախի Հանրապետության կառավարության 2018 թվականի փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագիրն իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որին 2018 թվականի պետական բյուջեից հատկացվել է 2.5 մլրդ դրամ՝ որպես աջակցություն:

     Կապիտալ ներդրումների գծով ծախսերը կազմել են 19 մլրդ 850.8 մլն դրամ: 2017 թվականի համեմատ աճել են 25.4%-ով»,-մասնավորապես ավելացրել է Ա. Հարությունյանը:

    Առողջապահության բնագավառի բյուջետային հիմնարկների պահպանման և պետական պատվերի ծրագրերի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 5 մլրդ 982.7 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 5 մլրդ 914.7 մլն դրամ: Հատկացվող միջոցներն ուղղվել են թվով 38 առողջապահական ծրագրերի իրականացմանը: Մշակույթի և երիտասարդության բնագավառի ծախսերը 3 մլրդ 287.0 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 3 մլրդ 180,0 մլն դրամ: Հատկացված գումարներն հիմնականում ուղղվել են հոգևոր մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության, երիտասարդության ակտիվության բարձրացման և այլ ծրագրերի իրականացմանը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

    Ամփոփելով հաշվետվությունը` նախարարը ընդգծել է, որ 2018 թվականի պետական բյուջեն կատարվել է նպատակայնության և հասցեականության սկզբունքներից ելնելով` ապահովելով մեր ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման գերակայությունը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/28) 394.46 դրամ
EUR (03/28) 425.62 դրամ
RUB (03/28) 4.27 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր