Սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրավիրված ԱՀ կառավարության հերթական նիստում ֆինանսների նախարարը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Նախքան 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտները և ծախսերը ներկայացնելը՝ նախարարն անդրադարձել է ընթացիկ տարում ձևավորված տնտեսական միջավայրին և մակրոտնտեսական մի շարք ցուցանիշներին: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 տոկոսով: «Ըստ կանխատեսումների, 2019 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 338.8 մլրդ դրամ, որի արդյունքում կունենանք 8.1 տոկոս տնտեսական աճ` 1 տոկոս դեֆլյատորի պայմաններում:»,- իր խոսքում շեշտել է Արթուր Հարությունյանը: Միջնաժամկետ հատվածի համար ծրագրավորվել է համախառն ներքին արդյունքի 8 տոկոս տարեկան իրական աճ, որի արդյունքում կանխատեսումային ՀՆԱ-ն համապատասխանաբար կկազմի 2020 թվականին` 373.2 մլրդ, 2021 թվականին` 411.1 մլրդ և 2022 թվականին` 454.9 մլրդ դրամ: Ներկայացնելով Արցախի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` նախարարը նշել է, որ դրա ընդունմամբ հնարավորություն կստեղծվի միջնաժամկետ կտրվածքով կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսները կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային և սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնահերթ գերակայություններին համապատասխան: 2020-2022 թվականների Արցախի Հանրապետության պետական բյուջեների սեփական եկամուտները կանխատեսվել են` 2020թ. համար 52 մլրդ.680 մլն, 2021թ. համար 58 մլրդ. 700 մլն և 2022թ. համար 65 մլրդ 700 մլն. դրամի չափով: Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվել են համապատասխանաբար 2020թ. 52 մլրդ 180 մլն, 2021թ. 58 մլրդ 200 մլն և 2022թ. 65 մլրդ 200 մլն դրամի չափով, որի արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի համապատասխանաբար 14.0, 14.2 և 14.4 տոկոս: Այլ եկամուտները 2020-2022 թվականների համար ծրագրվել են տարեկան 500.0 մլն դրամի չափով: Միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական բյուջեների ընդհանուր ծախսերը պլանավորվում են հետևյալ չափերով՝ 2020թ. համար 118,015.4 մլն դրամ` 2019թ. 114,410.5 մլն դրամի դիմաց, կամ ավել 3,604.9 մլն դրամով, 2021թ. համար պլանավորվում է 124,194.5 մլն դրամ և 2022թ. համար 130,164.0 մլն դրամ: ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի համապատասխանաբար 31.6, 30.2 և 28.7 տոկոս, ընթացիկ տարվա 33.8 տոկոսի դիմաց: «Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ, որի արդյունքում 2020 թվականի պրոֆիցիտը կկազմի 238.9 մլն դրամ, 2021 թվականին 5,7 մլրդ դրամ և 2022 թվականին 14,0 մլրդ դրամ, որը նախատեսվում է ուղղել նախորդ տարիների դեֆիցիտի մարման համար ներգրավված փոխառու միջոցների գծով վճարումների իրականացմանը:»-նշել է նախարարը:
|