Ս.թ. փետրվարի 2-ին ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի ղեկավարությամբ կայացել է նախարարության 2015 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը: Զեկույցով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Հարությունյանը` ներկայացնելով 2015 թվականի հարկային ոլորտի մասով կատարված աշխատանքները, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առաջիկա անելիքները: Այնուհետև հաշվետվություններով հանդես եկան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ներկայացնելով հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրման, ԼՂՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների հաշվառման, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, պետական մարմիններում ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, դրանց նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքները և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Անդրադառնալով ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքներին` նախարարը կարևորեց 2016 թվականին բյուջեի եկամուտների առավելագույն ապահովումը. հենց տարեսկզբից պետք է կանոնակարգվի այս գործընթացը, անհրաժեշտ աշխատանքներ պետք է իրականացվեն պարտավորությունների կուտակում թույլ չտալու ուղղությամբ: Միաժամանակ նախարարը ընդգծեց հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացման, ուսուցումների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների, կարգապահ հարկ վճարողների խրախուսման համակարգի ներդրման անհրաժեշտության մասին:
|