2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ԱՀ տարածք են ներմուծվել 72074.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 15383.4 մլն դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 37572.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա 24080.0 մլն դրամի դիմաց: Հատկանշական է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի գործարկմամբ առավել աշխուժացել են այս ուղղությամբ հանրապետության տարածք կատարվող ներմուծումները և արտահանումները: Այսպես, նշված ճանապարհահատվածին տեղակայված հսկիչ կետում արձանագրված տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հանրապետության տարածք են ներմուծվել 20532.6 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 14350.3 մլն դրամով կամ 3.3 անգամ ավել է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Նույն ժամանակահատվածում նշված հսկիչ կետով արտահանման ծավալները կազմել են 30298.7 մլն դրամ, որը 2.7 անգամ կամ 19079.8 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածին տեղակայված Աղավնո հսկիչ կետով կատարվող ներմուծումները` կազմելով 51068.6 մլն դրամ: Արտահանման գործարքների մասով գերակշռում են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարվող արտահանումները, որը կազմում է հանրապետությունից ընդհանուր արտահանված ապրանքանյութական արժեքների 80.6 տոկոսը:
|