Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանը համընթաց ԱՀ ֆինանսների նախարարության մշտական տեսադաշտում է նաև հարկային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային հմտությունների շարունակական զարգացումն ու էթիկայի նորմերի ամրապնդումը: Այս նպատակով նախարարությունը հարկային ծառայողների հետ պարբերաբար կազմակերպում է ուսուցողական դասընթացներ և իրազեկման հանդիպումներ: Հարկային մարմնի աշխատակիցները մասնակցում են նաև միջազգային տարբեր համաժողովների և սեմինարների: Ուսուցումների հերթական շարքը ֆինանսների նախարարի հրամանով մեկնարկել է այսօր, որին մասնակցում են հարկ վճարողների սպասարկման և վերահսկողական գործառույթներ իրականացնող թվով 68 աշխատակիցներ: Դասընթացներն ընդգրկում են «Հարկերի և պարտադիր վճարների հաշվարկում», «Հարկային ստուգումներ և հսկողություն», «Հարկային իրավախախտումների համար պատասխանատվություն, hարկային պարտավորությունների գանձում», «Տեղեկատվական տեխնոլոգիաները հարկային մարմնում» և «Հաշվապահական հաշվառման ստանդարտներ, հաշվապահական ձևակերպումներ» թեմաները: Հարկ վճարողների սպասարկման և հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում միատեսակ մոտեցումներ ցուցաբերելու նպատակով մասնակիցների հետ քննարկվում են նաև գործնական իրավիճակներին առնչվող տարբեր հարցեր: Դասընթացների ավարտին մասնակիցների ստացած գիտելիքները կգնահատվեն ուսուցման ծրագրի շրջանակներում կազմված թեստերի միջոցով:
|