Սույն թվականի մայիսի 24-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը հրավիրված էր 2018թ. հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների պլան-առաջադրանքների կատարման և մի շարք այլ ցուցանիշների քննարկման նպատակով: Զեկույցներով հանդես եկան կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման, օպերատիվ հետախուզության, արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունների պետերն ու հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները: Այնուհետև քննարկումներ կազմակերպվեցին ըստ ոլորտների և հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների արձանագրված` հարկեր/իրացման շրջանառություն հարաբերակցության, աշխատողների միջին թվաքանակի, աշխատանքի վարձատրության, իրացման շրջանառությունների և մի շարք այլ ցուցանիշների մասով, որի հետ կապված ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը հանձնարարեց հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարներին` վերհանված խնդիրների ուղղությամբ իրականացնել կանոնակարգված աշխատանքներ: Մասնավորապես, վերոնշյալ ցուցանիշների իրական մեծությունների հայտարարագրումն ապահովելու և ստվերային երևույթները բացառելու նպատակով անհրաժեշտ է յուրաքանչյուր հարկ վճարողի հետ իրականացնել անհատական բացատրական աշխատանքներ, կատարել չափագրումներ, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնել նաև հսկողական այլ միջոցառումներ: Զուգահեռաբար անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծումների ու արտահանումների նկատմամբ` բացառելով թերհայտարարագրումների դեպքերը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև հարկ վճարողների կողմից ընթացիկ պարտավորությունների կուտակում թույլ չտալու և նախկինում կուտակված պարտավորությունների մարումն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումներին, որի հետ կապված հանձնարարվեց առավելագույն ջանքեր գործադրել դրանց նվազեցման ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին Արթուր Հարությունյանը ևս մեկ անգամ կարևորեց հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների պահպանումը` իրականացվող աշխատանքներում շեշտը դնելով ոչ թե հարկադրանքի, այլ հարկ վճարողների շրջանում հարկերի ինքնուրույն ճիշտ և ժամանակին հաշվարկման ու վճարման մշակույթի ամրապնդման վրա:
|