ԼՂՀ ֆինանսների նախարարության ունեցած տեղեկությունների համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փորձեր են կատարվում կիրառելու "MMM 2011 ֆինանսական բուրգ" սխեման, որի հիմնական սկզբունքն է` մասնակցի ներդրած միջոցների բարձր տոկոսադրույքներով վերադարձը նոր մասնակիցների միջոցների ներգրավման հաշվին: Հիմք ընդունելով վերոհիշյալը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը նմանատիպ կասկածելի գործարքներից զերծ պահելու նպատակներից ելնելով` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման գործունեությունն արտոնված չէ պատկան մարմնի կողմից, և պետության կողմից ներգրավված գումարների վերադարձը որևէ կերպ չի երաշխավորվում: "MMM 2011 ֆինանսական բուրգը" որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսական շուկայի և դրանում ծավալվող ֆինանսական օրինաչափ հարաբերությունների հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ֆինանսական ծառայություններ իրավասու են իրականացնել բացառապես լիցենզավորված և կարգավորման ու վերահսկողության դաշտում գործող ֆինանսական կազմակերպությունները: ԼՂՀ ֆինանսների նախարարությունն զգուշացնում է` առաջարկված գործարքներում ներգրավվելու դեպքում առկա է քաղաքացիների կողմից էական ֆինանսական, գույքային և այլ նյութական վնասներ կրելու իրական վտանգ: Բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին հորդորում ենք զերծ մնալ այս և նմանատիպ այլ վտանգավոր ու խիստ ռիսկային ֆինանսական բուրգերում մասնակցությունից:
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
|
վերադառնալ |
|
|