Հարգելի՛ գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ֆինանսների նախարարի պաշտոնից: Պաշտոնս թողնելուց ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնց ամենօրյա և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել իրագործել համակարգի զարգացման ծրագրերը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հարկ վճարողներին երկարատև ու կառուցողական մթնոլորտում աշխատելու, իրենց հարկ ային պարտականությունները պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ կատարելու համար, ինչի արդյունքում հնարավոր է դարձել իրագործել բազում ծրագրեր՝ պաշտպանության, կրթության, առողջապահության, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում: Շնորհակալական խոսք եմ ուղղում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իմ գործընկերներին` փոխադարձ գործակցության համար: Հարգելի՛ գործընկերներ, զբաղեցնելով Ազգային Ժողովի պատգամավորի պաշտոնը ուզում եմ վստահեցնել, որ շարունակելու եմ անմնացորդ նվիրումով ծառայել հայրենիքիս` հանուն մեր վեհ գաղափարների իրագործմանն ու Արցախ աշխարհի շենացմանը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր նվիրական ու թիմային աշխատանքի համար և մաղթում էլ ավելի մեծ եռանդ` նորանոր բարձունքների հասնելու գործում: Բարձր եմ գնահատում այն ուղին, որ անցել ենք միասին: Եղեք առողջ և Աստված մեզ պահապան։ Հարգանքներով՝ Ա. Հարությունյան
|