ԼՂՀ ֆինանսների նախարարությունը վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, որի նպատակը բիզնեսի համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովումն ու բյուրոկրատական խոչընդոտների վերացումն է: Արդեն այս տարվա հունվարի 1-ից նախորդ տարվա արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց բոլոր հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Այսօր նախարարությունն ավելի է ընդլայնում համակարգից օգտվողների շրջանակը. ընդառաջելով հարկ վճարողների կողմից ներկայացված կամավորության սկզբունքով հաշվետվությունների էլեկտրոնային համակարգին անցնելու դիմումներին` համակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ. բոլոր այն հարկ վճարողները, որոնց իրացման շրջանառությունը 2015 թվականին չի գերազանցել 36 մլն դրամը (բացառությամբ կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատերերի), կամավորության սկզբունքով կարող են օգտվել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից` հարկային մարմին ներկայացնելով դիմում` հաշվետվություններն էլեկտրոնային հանձնելու վերաբերյալ:
|