Հունիսի 28-ին ԱՀ Ազգային ժողովը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Արցախի Հանրապետության 2017թ պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը։ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նախքան 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ներկայացումը անդրադարձել է Հանրապետությունում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշներին: Մասնավորապես. 2017թ. անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքը կազմել է 272.1 մլրդ դրամ: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 միլիոն 855 հազար 900 դրամ կամ 3844.8 ԱՄՆ դոլար` նախորդ տարվա 1 միլիոն 577 հազար 300 դրամի կամ 3282.6 ԱՄՆ դոլարի դիմաց, որով առաջին անգամ Արցախը համարյա հավասարվել է Հայաստանում արձանագրված համապատասխան ցուցանիշին: Տնտեսական աճը կազմել է 15.6%, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 14.6%` նախորդ տարվա 14.1 %-ի դիմաց: Միջին ամսական աշխատավարձը կազմել է 155 հազար 433 դրամ, որը 1,8%-ով ավել է 2016թ. ցուցանիշից: Պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 41 մլրդ 355,9 մլն դրամ կամ պլանավորված ցուցանիշը գերակատարվել է 6,6%-ով: Բյուջեի եկամտի գերակշիռ մասը կազմել են հարկային եկամուտները: Հայաստանի Հանրապետությունից ստացված միջպետական վարկը կազմել է 47 մլրդ 437.5 մլն դրամ ևս 3.3 մլրդ դրամը հաշվանցվել է Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված վարկերի գծով մարումների հետ: Բյուջեի ծախսերի ընդհանուր ծավալը կազմել է 92 մլրդ 98,1 մլն դրամ, կամ ապահովվել է պլանային ցուցանիշի 96,5%-ը: Նախորդ տարվա պետական բյուջեի համեմատ ծախսերն աճել են 8,8 տոկոսային կետով:
|