Սույն թվականի հուլիսի 25-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն` «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես եկան «Գնումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Ոսկանյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ներկայացնելով 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Այնուհետև քննարկումներ ծավալվեցին պետական գնումների կազմակերպման ոլորտում առկա խնդիրների շուրջ: Կարևորելով պետական գնումների համակարգի դերը տնտեսության մեջ` նախարարը նշեց, որ գնումների գործընթացի արդյունավետության բարձրացման ու թափանցիկության ապահովման գործում բավականին անելիքներ կան: «Գաղտնիք չէ, որ պետական գնումների համակարգում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, ինչը, առաջին հերթին, պայմանավորված է գնումների գործընթացի ոչ լիարժեք կազմակերպմամբ, հաճախ նաև իրավական ակտերի ոչ ճիշտ կիրարկմամբ: Այս նպատակով առաջիկայում նախատեսում ենք կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում` փորձելու ենք ներդնել գնումների կազմակերպման էլեկտրոնային ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտան ավելի թափանցիկ ու մատչելի համակարգ ունենալ: Բացի այդ ակտիվորեն կկիրառվի նաև մոնիթորինգի համակարգը` առկա խնդիրները վեր հանելու նպատակով, ինչն էլ իր հերթին կնպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանըե,-իր խոսքում շեշտել է նախարարը` հանձնարարելով պատասխանատուներին աշխատանքներ տանել տեղեկատվական տարբեր աղբյուրների միջոցով գնումների գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը hասարակությանը հասանելի դարձնելու նպատակով: Պատասխանատուներին հանձնարարվեց նաև սեղմ ժամկետներում ներկայացնել գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
|