ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը: Նախարարը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ՀՆԱ-ն 2019թ. կկազմի 333,2 մլրդ դրամ, 2020թ.՝ 367 մլրդ դրամ, 2021թ՝ 404,2 մլրդ դրամ, իսկ բյուջեի սեփական եկամուտները` համապատասխանաբար 56 մլրդ, 68.2 մլրդ և 70 մլրդ դրամ: Բյուջեի ծախսային մասը կկազմի 2019թ.՝ 110,7 մլրդ դրամ, 2020թ.՝ 111 մլրդ դրամ, 2021թ.` 112,6 մլրդ դրամ: Ըստ ծախսային ուղղությունների` 2018թ.-ի համեմատ փոփոխություններ են նախատեսվել գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, տնտեսական հարաբերությունների և կապիտալ ներդրումների ոլորտներին ուղղվող ծախսերի չափերում` ավելացնելով դրանք 2018թ. համեմատ շուրջ 8.8 մլրդ դրամի չափով: Իր ելույթում նախարարը նաև անդրադարձել է 2018թ. կանխատեսվող ՀՆԱ-ի ցուցանիշին` նշելով, որ նախնական կանխատեսումներով ՀՆԱ կկազմի ավելի քան 300 մլրդ դրամ ` նախատեսված 291մլրդ դրամի փոխարեն:
|