Հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարությունը պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում Հանրապետությունում գործող հարկ վճարողների հետ: Հանդիպումների այդպիսի մի շարք էլ մեկնարկել է փետրվար 6-ին` տարեվերջին ընդունված օրենսդրական փոփոխությունները հարկ վճարողներին իրազեկելու նպատակով: Առաջին հանդիպումը կայացել է Մարտակերտ քաղաքում, որի ընթացքում ներկայացվեցին հարկային օրենսդրությունը կանոնակարգող թվով 7 օրենքներում կատարված փոփոխությունները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքը: Փոփոխությունները միտված են գործարար միջավայրի` հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության գործունեության բարելավմանը, հարկման մեխանիզմների կատարելագործմանը, որոշ ոլորտներում դրույքաչափերի օպտիմալացմանը և տույժերի ու տուգանքների գծով արտոնությունների սահմանմանը: Առաջիկայում համաձայն հաստատված ժամանակացույցի սեմինարներ կանցկացվեն նաև Հանրապետության մայրաքաղաքում և մնացած շրջաններում:
|