Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հունիսի 24-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։ Նախարարը ներկաներին ներկայացրել է ֆինանսների նախարարության կողմից կատարված աշխատանքները, համակարգում իրականացված բարեփոխումներն ու անդրադարձել առաջիկա ռազմավարական ծրագրերին: «Իրականացվող բոլոր բարեփոխումները մեկ նպատակ են հետապնդում` բարելավել գործարար միջավայրը և կատարելագործել պետական ֆինասների կառավարման ոլորտում իրականացվող գործառույթները, ինչը հնարավոր է գործընթացների պարզեցման և էլեկտրոնայնացման շնորհիվ», -իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը: Այս առումով նախարարը կարևորել է առաջիկայում ծրագրային բյուջետավորման, պետական գնումների կազմակերպման և հարկային ու գանձապետական համակարգերի էլեկտրոնայնացման ընդլայնումն ու զարգացումը: Նախարարն անդրադարձել է նաև դպրոցի սաների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումներին, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում երկուստեք մտքեր փոխանակել իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև փորձի ու տեսական գիտելիքների համադրության միջոցով զարգացնել կառավարչական հմտությունները: Միաժամանակ, նախարարն առաջարկել է նաև այլ ձևաչափերով կազմակերպել հանդիպումներ` դպրոցի սաներին հնարավորություն տալով անմիջականորեն ընդգրկվել իրականացվող բարեփոխումների գործընթացներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Մովսիսյանը կարևորել է Արցախի Հանրապետության պետական կառավարան մարմինների և դպրոցի միջև համագործակցության հետագա խորացումը: Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» ներկայացուցիչների հարցերին:
|