Հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որով գույքահարկի և հողի հարկի գծով արտոնություններ են սահմանվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի համար: Մասնավորապես, օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից: Խորհրդարանը օրինագծերը ընդունել է 30 կողմ ձայնով:
|