ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԱՀ ֆինանսների նախարարը Կառավարության նիստում ներկայացրել է 2020թ.-ի պետական բյուջեի նախագիծը  
14.11.2019

    Նոյեմբերի 14-ին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը կառավարության նիստում ներկայացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

    Նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված տնտեսական միջավայրին և ներկայացրել որոշ մակրոտնտեսական կանխատեսումային գնահատականներ:

    2019 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների զարգացումները, մասնավորապես` ինը ամսվա արդյունքներով արձանագրված 10.4 տոկոս տնտեսական աճը, թույլ են տալիս 2019 թվականի համար ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպ, քան մենք պլանավորել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծում: Ըստ մեր կանխատեսումների՝ 2019 թվականի համախառն ներքին արդյունքը կկազմի 340.9 մլրդ դրամ, իսկ տնտեսական աճը շուրջ 9.1 տոկոս` 0.7 տոկոս դեֆլյատորի պայմաններում: Նման աճի տեմպի կանխատեսման համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքը»,- նշել է Արթուր Հարությունյանը:

    Նախարարի ներկայացմամբ 2020 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 375.6 մլրդ դրամ` ապահովելով մոտ 8 տոկոս իրական աճ՝ կանխատեսվող 2 տոկոս դեֆլյատորի պայմաններում, որը համապատասխանում է կառավարության կողմից միջնաժամկետ հատվածում նախանշված տնտեսական աճի թիրախային մակարդակին: Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 3 տոկոսի սահմաններում` +/-1 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:

    Ներկայացնելով «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով նախանշված հիմնական ցուցանիշները՝ նախարարը ընդգծել է, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020 թթ. ծրագրի նպատակադրումները: Դրանք միտված են ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը: «Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2020 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են` եկամուտների գծով` 120 մլրդ 906.5 մլն դրամ, ծախսերի գծով` 120 մլրդ 775.6 մլն դրամ, դրա արդյունքում պրոֆիցիտը կկազմի` 130.9 մլն դրամ:

    Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 55.1 մլրդ դրամի չափով, որը 2019 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ նվազել է 2.6 մլրդ դրամով կամ 4.5 տոկոսով: Այդ թվում՝ հարկային եկամուտները և պետական տուրքերը կկազմեն 54.6 մլրդ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված եկամուտներից պակաս 4.5 տոկոսով, արդյունքում կանխատեսումային «Հարկեր/ՀՆԱ» հարաբերակցությունը կկազմի 14.5 տոկոս: Սեփական եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտից ակնկալվող հարկային եկամուտների նվազմամբ, որի հիմնական պատճառներն են հանդիսանում պղնձի միջազգային գների և հանքաքարում պղնձի պարունակությունների նվազման միտումները:,- մանրամասնել է Արթուր Հարությունյանը:

    Անդրադառնալով ծախսային ուղղություններին՝ նախարարը նշել է, որ 2020թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 120 մլրդ 775.6 մլն դրամի չափով, որն ավել է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 5.6 տոկոսով: ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 32.2 տոկոս ընթացիկ տարվա 33.6 տոկոսի դիմաց:

    Գալիք տարում նախատեսվում է բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերն ու թոշակառուների կենսաթոշակները: Մասնավորապես, կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերը կազմում են 16 մլրդ 328.7 մլն դրամ կամ 2019 թվականի պլանավորված ցուցանիշից ավել 10.4 տոկոսով, դրանից 11 մլրդ 151.2 մլն դրամը ուղղվելու է հանրակրթական դպրոցների ծախսերի իրականացմանը, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 1 մլրդ 100.6 մլն դրամով կամ 11 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերի 10 տոկոսով բարձրացմամբ և նվազագույն աշխատավարձի փոփոխությամբ, որի արդյունքում շուրջ 3600 մանկավարժական դրույքների (ներառյալ զինղեկների, ֆիզղեկների, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչների, նախապատրաստական խմբերի դաստիարակների դրույքները) միջին ամսական հաշվարկային աշխատավարձը` մեկ դրույքի հաշվով, կկազմի 161.7 հազ. դրամ` ներառյալ լրացուցիչ վարձատրությունները:

    Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կազմում են 27 մլրդ 65 մլն դրամ կամ ընթացիկ տարվա համար պլանավորված ցուցանիշից ավել 3 մլրդ 423.9 մլն դրամով, որը փաստացի բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է և կազմում է ընդհանուր ծախսերի 22.4 տոկոսը: Հատկացվող գումարների ավելացումը հիմնականում պայմանավորված է 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների միջինում 10 տոկոսի չափով բարձրացմամբ, որի համար լրացուցիչ նախատեսվում է 1 մլրդ 195.7 մլն դրամ:

    Այնուհետև նախարարը ներկայացրել է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: 2020 թվականին Հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը, որը կկազմի 68000 դրամ` 2019 թվականի 55000 դրամի դիմաց: Նվազագույն աշխատավարձի բարձրացումը ներառյալ մասնավոր հատվածը կընդգրկի շուրջ 15000 վարձու աշխատող, որոնց հավելյալ ստացվելիք եկամուտը տարվա կտրվածքով կկազմի ավելի քան 2.5 մլրդ դրամ:

    Կառավարությունը հավանություն է տվել նախագծերին. դրանք սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/18) 394.07 դրամ
EUR (04/18) 420.75 դրամ
RUB (04/18) 4.19 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր