ԱՀ ֆինանսների նախարարության կողմից վերջին տարիներին իրականացրած բարեփոխումների հիմքում բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովումն ու գործընկերային մթնոլորտի ձևավորումն է: Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, ինչը որակապես նոր գործելաոճ է ապահովում նախարարության և գործարարների միջև: Հերթական քայլը նոր մոտեցում է էլեկտրոնային կառավարման դաշտում. գործարկվել է ֆինանսների նախարարության e-taxpayer բջջային հավելվածը, ինչը միտված է հարկատու-հարկային մարմին շփումը նվազեցնելուն և հարկատուների համար հարմարավետության ապահովմանը: Ամբողջովին հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, տեղեկատվության արագ հասանելիություն. բջջային հավելվածը հենց այսպես է ներկայանում օգտատերերին: Այն հնարավորություն է տալիս տեղեկացված լինել նախարարության վերջին նորություններին, ծանուցվել հարկ վճարողի անձնական գրասենյակում առկա տեղեկատվությանը`հանձնված հաշվետվություններին, մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներին, այդ թվում` դրանց ճշգրտումներին, հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծումների գործարքներին, ինչպես նաև կատարել online վճարումներ պետական բյուջե: Հավելվածը հնարավորություն կընձեռի նաև հարկային մարմին ուղարկել դիմումներ` գործունեության վերսկսման, դադարեցման, պարտավորությունների առկայության վերաբերյալ, ստանալ պարզաբանումներ հարկային օրենսդրության այս կամ այն հարցի շուրջ: Հավելվածի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը հարկ վճարողները կարող են ծանոթանալ online.tax.nk.am կայքի «Անձնական գրասենյակե բաժնում և ներբեռնել հավելվածը համապատասխան սարքերում (հեռախոս, պլանշետ):
|