Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը ներկայացրել է ԱՀ 2023թ. պետական բյուջեի նախագիծը 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվել է հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները: 2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ դրամ, աճը՝ մոտ 5.0 տոկոս, կանխատեսվող 4.0 տոկոս դեֆլյատորի դեպքում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4.5 տոկոսի սահմաններում` +/-1.0 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում 2023 թվականի պետական բյուջեի ցուցանիշները ծրագրվել են հետևյալ չափերով. Պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով: Բյուջետային վարկի չափը կկազմի 144.0 մլրդ դրամ: 2023թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով: Գյուղատնտեսության ոլորտի ծախսերը նախատեսվում են 6 մլրդ 037.1 մլն դրամի չափով: Էներգետիկ ոլորտի զարգացման և սուբսիդավորման ծրագրի իրականացման համար նախատեսվում է 4 մլրդ 20.0 մլն դրամ: Արցախի ներդրումային հիմնադրամին տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի 4.0 մլրդ դրամ: Կապիտալ ներդրումների համար նախատեսվում է 22.0 մլրդ դրամ: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են 72 մլրդ 939.9 մլն դրամ: Բնակարանային ապահովման ծրագրով նախատեսվում է 10.0 մլրդ դրամ: «Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրում ծրագրով նախատեսվում է 12 մլրդ 102.7 մլն դրամ: Առողջապահության ոլորտի ծախսերի մասով նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 401.1 մլն դրամ: Կրթության ոլորտի համար ծախսերը կազմում են 15 մլրդ 497.0 մլն դրամ: Մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտի ծախսերին նախատեսվում է ուղղել 1 մլրդ 843.4 մլն դրամ: Պետական բյուջեից համայնքների բյուջեներին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 672.9 մլն դրամի չափով դոտացիա: Նիստը նախագահող Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի և ոլորտային հանձաժողովների համատեղ նիստերում:
|