Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
Որակի ենթակառուցվածքի համակարգը ներառում է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, տեխնիկական կանոնակարգման ոլորտները և շուկայի վերահսկողությունը: Նշված ոլորտներում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է սպառողների կյանքի և առողջության պահպանմանը, շրջակա միջավայրի համար անվտանգ արտադրանքի արտադրման և ծառայությունների մատուցման ու դրանց որակի ապահովմանը, չափագիտական սպասարկման որակի և տեխնիկական մակարդակի բարձրացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման ազգային համակարգի ձևավորմանը, հավատարմագրման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը:
Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1. Հավատարմագրման ոլորտում՝
• հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականության մշակում,
• հավատարմագրման վկայագրի և համապատասխանության գնահատման չկանոնակարգվող ոլորտներում համապատասխանության սերտիֆիկատների ձևերի հաստատում,
• օրենքով սահմանված կարգով հավատարմագրման բնագավառում վարչական վարույթի իրականացում,
• հավատարմագրման գործընթացի ապահովում և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացում
• համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրերի տրամադրում,
• հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների ձևավորում և վարում, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրման ապահովում,
• հավատարմագրման կոմիտեների գործունեության կարգի և կազմի հաստատում,
• հավատարմագրման նշանի պատկերի, դրան ներկայացվող տեխնիկական պահանջների և կիրառման կարգի սահմանում:
2. Ստանդարտացման ոլորտում՝
• ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության մշակում և համակարգում,
• տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների ու դրանց փոփոխությունների հաստատում և պետական գրանցման ներկայացում:
3. Չափումների միասնականության ապահովման ոլորտում՝
• օրենսդրական չափագիտության ոլորտներում պետական քաղաքականության մշակում և համակարգում,
• չափագիտության ազգային մարմնի գործունեության համակարգում,
• չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևի, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերի սահմանում,
• չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերի սահմանում,
• չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկման իրականացում:
4. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում՝
• տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականության մշակում ու իրականացման ապահովում,
• իրավասության շրջանակներում օրենքով սահմանված կարգով տեխնիկական կանոնակարգերի մշակում,
• գործող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանների վարում,
• տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի ձևերի և դրանց լրացման կանոնների, ինչպես նաև համապատասխանության հայտարարագրի գրանցման վճարի չափի սահմանում:
5. Առևտրի և ծառայությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և համակարգում:
6. Սոցիալական, ֆինանսական, տարածքային տնտեսական, սակագնային, քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում: