Սույն թվականի փետրվարի 2-ին ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարությամբ կայացել է նախարարության 2017 թվականի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էր նախարարության ղեկավար անձնակազմը: Հարկային մարմնի կողմից կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը` ներկայացնելով 2017 թվականի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի մասով կատարողականները, հսկողական գործընթացների արդյունավետության բարձրացման, օրենսդրական դրույթների կատարելագործման, հանրային իրազեկման աշխատանքների ընդլայնման, ինչպես նաև համակարգի արդիականացման ուղղություններով իրականացված աշխատանքները: 2017 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային քաղաքականության, գնումների գործընթացի կազմակերպման և հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բնագավառում իրականացված աշխատանքների մասին զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Այնուհետև հաշվետվություններով հանդես եկան ֆինանսների նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` ներկայացնելով հաշվետու տարում հարկային եկամուտների հավաքագրման, ԱՀ տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների հաշվառման, պետական կառավարչական հիմնարկներում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված ֆինանսական վերահսկողության, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և մի շարք այլ ուղղություններով կատարված աշխատանքները: Անդրադառնալով ստորաբաժանումների կատարած աշխատաքներին, նախարարը ընդգծեց հարկ վճարողների սպասարկման մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների անհրաժեշտության մասին: «Այսօր մեր գերակա նպատակն է հարկ վճարողներին մատուցել բարձրակարգ և ժամանակակից չափանիշներին համապատասխան ծառայություններ` ամրապնդելով հասարակության վստահությունը հարկային մարմնի նկատմամբ», - իր խոսքում նշել է նախարարը` շեշտելով նաև Հանրապետության սահմանային հսկիչ կետերում աշխատող աշխատակիցների կողմից վարվեցողության նորմերի պահպանման կարևորությունը: Խորհրդակցության ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց համակարգի ողջ անձնակազմին` իրենց գործառնական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և պատասխանատու վերաբերմունք դրսևորելու համար:
|