Ապրիլի 13-ին ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի ու Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիայի նախագահ Էրիկ Մկրդումյանի ղեկավարությամբ հանդիպում է կազմակերպվել ասոցիացիայի ներկայացուցիչների և հարկային մարմնի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին, Արթուր Հարությունյանը կարևորեց կազմակերպության ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ կազմակերպությունը ակտիվ գործունեություն կծավալի և իր դերակատարությունը կունենա ՓՄՁ մրցունակության բարձրացման, առողջ բիզնես-միջավայրի ստեղծման գործում: «Մենք բաց ենք բոլորի համար և պատրաստ ենք համագործակցել, լսել Ձեր կողմից հնչեցված յուրաքանչյուր առաջարկ, վեր հանել առկա խնդիրներն ու համատեղ գտնել լուծման տարբերակները, ինչը կնպաստի գործարարության զարգացմանն ու տնտեսության կայացմանը: Օրենսդրական բարեփոխումների նախաձեռնման նպատակով առաջին հերթին առաջարկություններ պետք է ներկայացնեն գործարարները, ովքեր օրենքների անմիջական կատարողներ են, և առաջինն են իրենց վրա զգում օրենքների դրական կամ բացասական ազդեցությունը:ե, - իր խոսքում շեշտել է Ա. Հարությունյանը, հավելելով, որ արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի նաև հարկ վճարողների շրջանում հարկերի ինքնուրույն հաշվարկման ու վճարման մշակույթի արմատավորմանը, ինչն էլ իր հերթին հանդիսանում է հարկային մարմնի գերակա նպատակներից մեկը: Իր հերթին ասոցիացիայի նախագահ Էրիկ Մկրդումյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցություն սկիզբ դնելու համար, նշելով, որ նման հանդիպումները նպատակ ունեն առաջ քաշել կոնկրետ հարցեր և փնտրել դրանք լուծելու ուղիները: Այնուհետև ներկաների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր` կապված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ընդլայնման, նորաստեղծ հարկ վճարողների համար սահմանված հարկային արտոնությունների, տարբեր ոլորտների մասով գործող հարկագանձման մոտեցումների հետ և այլն: Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն ձեռքբերվեց նման հանդիպումները դարձնել ավանդական` որոշակի պարբերականությամբ քննարկումներ կազմակերպելով գործարարների կողմից իրենց գործունեության ընթացքում ծագող խնդիրների շուրջ:
|