2018 թվականի հունվարի 1-ից Արցախում ներդրվել է "Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" օրենքը, որով նախատեսված է վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման պահանջ: Մասնավորապես, սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, Կենտրոնական գանձապետարանի 915005000020 "Դրոշմանիշային վճարնր" հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար 1000-ական դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` 12000 դրամ: Նշված գումարները նախատեսված են Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով: Սկսած 13.03.2018 թ., յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի այցելելով "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի" կայք` www.1000plus.am հասցեով, և "Փնտրել պարտադիր վճարներ" դաշտում նշելով գործատուի ՀՎՀՀ-ն կամ քաղաքացու ՀԾՀ-ն կարող է տեսնել իր կողմից կատարված պարտադիր վճարումները: Նշենք, որ 07.03.2018թ. դրությամբ Արցախի Հանրապետությունից "Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին" փոխանցված պարտադիր դրոշմանիշային վճարների գումարը կազմում է 37494.0 հազար դրամ:
|