ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Պաշտոնական կայք
Գլխավոր էջ Ծրագրեր, Հրապարակումներ Նորություններ
ԼՂՀ
ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵ
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ
ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
 
Նախարարության մասին / Կանոնադրություն

Հաստատված է   
ԼՂՀ կառավարության
2015.թ հուլիսի 14-ի
N 450-Ն  որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև պետական եկամուտների վճարման նկատմամբ հսկողությունը:Նախարարությունը հանդիսանում է նաև «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հարկային մարմին, իսկ հարկային ծառայության մասով` իրավապահ մարմին:

2. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն, անգլերեն ու ռուսերեն՝ իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

5. Նախարարությունը կազմված է նախարարից և  նախարարության աշխատակազմից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից, ռեֆերենտներից: Նախարարության համակարգում ընդգրկվում է նաև հարկային մարմինը: Նախարարության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

6. Նախարարության աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան` կարող են լինել հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, հարկային ծառայողներ, քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարողներ  և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Նախարարությունում հարկային և քաղաքացիական ծառայողների պաշտոնները դասակարգվում են «Հարկային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանման կազմում կարող են հայտարարվել հարկային կամ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ` կապված այդ ստորաբաժանման կողմից իրականացվող գործառութային առանձնահատկությունների հետ: Ընդ որում, տվյալ ստորաբաժանման յուրաքանչյուր ծառայողի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ծառայության մասին օրենսդրությամբ:

7. Նախարարության համակարգում աշխատող հարկային ծառայողների համար նախատեսվում է համազգեստ, որի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ այն կրելու կարգը` նախարարը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նախարարության պաշտոնատար անձինք իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու և օգտագործելու հաշվեցուցակային զենք:

9. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) բյուջետային գործընթացի կազմակերպումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.

2) ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

3) կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

4) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը.

6) պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը.

7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը.

8)  պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և  ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը.

9) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

10) գնումների գործընթացի պետական կարգավորումը և համակարգումը.

11) պետական պարտքի կառավարումը.

12) հարկային ծառայության մասով`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ու կիրառման նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների խախտումների (հարկային հանցագործությունների) կանխումը, խափանումը, այդ խախտումների բացահայտումը,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը,

դ. հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը,

ե. ծառայության իրավասության սահմաններում պետական տուրքի, ոչ հարկային եկամուտների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

  

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատումը,

բ. մակրոտնտեսական և բյուջետային ծախսային քաղաքականությունների տեսանկյունից միջազգային ֆինանսատնտեսական հաստատությունների հետ համագործակցությունը` իր իրավասությունների սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները,

գ. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ծրագրավորումը, մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,

դ. ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը.

2) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա. հարկային և այլ եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,

բ. միջնաժամկետ և հեռանկարային հարկային և այլ եկամուտների քաղաքականության մշակումը,

գ. միջազգային հարկային համագործակցության ուսումնասիրությունը և քաղաքականության մշակումը,

դ. բյուջետային եկամուտների գնահատումը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ոլորտում`

ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,

բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

գ. առաջիկա տարվա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը,

դ. առաջիկա տարվա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով՝ այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ծրագրավորումը,

զ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

է. առաջիկա տարվա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախմբված բյուջեի նախնական ցուցանիշների ծրագրավորումը,

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը,

ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը,

ժա. պետական մարմինների` բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով պարբերականորեն համապատասխան դասընթացների կազմակերպման գործընթացի համակարգումը.

4) բյուջեների կատարման ոլորտում`

ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը,

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը,

ե. պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

զ. պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական և համայնքային հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,

է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, այլ վճարային արժեթղթերի թողարկումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից` ներառյալ միջազգային ծրագրերի միջոցներից, վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

ը. պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների և արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվություններ ստանալը. դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,

ժ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

ժա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),

ժգ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ առաջացած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,

ժդ. բյուջեների կատարումն ապահովող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

ժե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների` համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,

ժզ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների բյուջեների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը.

5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը,

բ. գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը և գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը,

գ. պատվիրատուների գնումները համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը,

դ. տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը,

ե. գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը,

զ. պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը,

է. պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը,

ը. պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով մոնիթորինգի իրականացումը.

6) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում`

ա. հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումը,

բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,

գ. հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող` ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և, օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում, գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,

դ. հաշվապահների և աուդիտորների որակավորման կազմակերպումը և անցկացումը,

ե. աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը, աուդիտորական գործունեության լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում`
թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների կառավարումը, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակումը.

8) ֆինանսատնտեսական և վարկային շուկայի ոլորտում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսատնտեսական և վարկային միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի վարկային և ոչ վարկային սեգմենտների զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.

9) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի գործունեության կարգավորման ոլորտում` վիճակախաղային, խաղատնային և շահումով խաղերի գործունեության լիցենզավորումը, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը, տվյալ ոլորտի վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից.

10) ֆինանսական համագործակցության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված` պետական մարմինների գործողությունների (վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու, բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումն իր իրավասության սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

11) պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,

բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի վաճառքը),

գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

դ. պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը,

ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը.

12) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա. նախարարության կողմից` իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

բ. պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,

գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,

դ. վարչական մարմինների դեմ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ելքերի և (կամ) եկամուտների վրա ազդող գործերով վարչական դատարանում որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը,

ե. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը, ինչպես նաև դատական ծախսերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հատուցելու դեպքում պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,

զ. մի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը.

13) հարկային ծառայության ոլորտում՝

ա. հարկ վճարողների սպասարկում (իրազեկում, հարկային և այլ պարտադիր վճարների գծով օրենսդրության վերաբերյալ պարզաբանումների տրամադրում, օրենսդրությամբ սահմանված հաշվարկների, հայտարարագրերի, հաշվետվությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի ընդունում),

բ. հարկ վճարողների հաշվառում,

գ. բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառում, եկամուտների վճարման նկատմամբ հսկողություն,

դ. հարկ վճարողների նկատմամբ` օրենքով սահմանված կարգով հսկողության և վերահսկողության իրականացում,

ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում,

զ. հարկային գործերով, ինչպես նաև հարկային ծառայողների գործողությունների կամ անգործության մասով բողոքների քննարկում և որոշումների ընդունում,

է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրեն վերապահված գործերով հետաքննության ու նախաքննության կատարում,

ը. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքին համապատասխան վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում,

թ. հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում` օրենքով սահմանված կարգով,

ժ. հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտավորությունների կատարում և իրավունքների իրացում, օտարերկրյա պետությունների հարկային ու այլ իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների կազմակերպում, համատեղ համաձայնագրերի, պայմանագրերի, հուշագրերի և այլ նախագծերի պատրաստում,

ժա. հարկային ծառայողների ուսուցում և վերապատրաստում,

ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում.

14) քաղաքացիական պաշտպանության ոլորտում`

ա. կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը,

բ. ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ,

գ. կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը,

դ. կազմակերպում է համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը,

ե. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

15) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում` մշակում է նախարարության համակարգի զորահավաքային պլանը և անցկացնում միջոցառումներ` զորահավաքային պլանի կատարումն ապահովելու համար.

16) լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակում, լիցենզավորում պարզ ընթացակարգով:
 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
 

11. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

13. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

14. Նախարարը`

1) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) հանդիսանում է «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով նախատեսված վերադաս հարկային մարմնի ղեկավար.

4) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

5) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հանձնարարականներ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, տալիս բյուջետային երաշխիքներ, պետական թղթային պարտատոմսեր, մուրհակներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

8) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային ծառայողներին շնորհում է հատուկ կոչումներ և դասային աստիճաններ, իջեցնում հատուկ կոչումները և դասային աստիճանները կամ զրկում դրանցից.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

10) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

12) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

13) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

15) հաստատում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ վերադաս հարկային մարմին համարվող կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային տեսչությունների գործառույթները, կառուցվածքը և հաստիքացուցակը.

16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

17) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը և բյուջեի կամ բյուջեի կատարման հաշվետվության հաստատման առնչությամբ կարող է դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության վստահության հարցը.

19) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

15. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` նախարարի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալներից մեկը:

16. Նախարարի տեղակալը`

1) հարկային ծառայության գծով հանդիսանում է նաև վերադաս հարկային մարմնի ղեկավարի տեղակալ.

2) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

3) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

4) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

5) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

6) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

7) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

8) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

9) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

10) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

11) նախարարին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում նրանց իրավասությանը վերաբերող հարցերով.

12) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ:

18. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

19. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող տեսչությունների)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության  ապահովումն է:

20. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

21. Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

22. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, հարկ վճարողի հաշվառման համար, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

23. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

24. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից եկամուտներն անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

25. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

26. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

27. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ:

28. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց, շենք 1:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից՝ աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), ինչպես նաև բյուջետային ծախսային ծրագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

31. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

  

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, հարկային տեսչություններ) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություններ):

33. Կառուցվածքային ստորաբաժանումները կարող են համարվել «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

37. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ, նախարարության աշխատակազմի հարկ վճարողի հաշվառման համարով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

39. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

40. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

41. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նախարարության աշխատակիցներից մեկը՝ նախարարի հրամանով, քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) նախարարության իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) ապահովում է աշխատակազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի հետ կապված գործառույթների իրականացումը.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է նախարարության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային բաժինը, գործում նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


49. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ


51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 



ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԲԱՆԿԱՅԻՆ ՌԵԿՎԻԶԻՏՆԵՐ
БАНКОВСКИЕ РЕКВИЗИТЫ
BANK REQUISITES
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ
ԱՐԺՈՒՅԹ
ՓՈԽԱՐԺԵՔ
USD (08/22) 478.55 դրամ
EUR (08/22) 562.30 դրամ
RUB (08/22) 8.10 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 257.05 դրամ
Պլատին (III եռ.) 14193.08 դրամ
Ոսկի (III եռ.) 19247.63 դրամ
Թանկարժեք մետաղների գներ (download)