Երևանում ստորագրվել է ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև 2018-2020թթ. համագործակցության միջոցառումների ծրագիր Օգոստոսի 23-ին Երևանում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու հայկական պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիները և հեռանկարները: ՀՀ և ԱՀ հարկային մարմինների միջև համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի. մասնավորապես, փոխադարձ գործակցություն՝ երկու պետությունների հարկային օրենսդրությունների և հարկային մարմինների կողմից իրականացվող վարչարարության ներդաշնակեցման ուղղությամբ, կադրերի վերապատրաստման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման գործում օժանդակության ցուցաբերման և մի շարք այլ ուղղություններով: Ողջունելով արցախցի գործընկերներին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը՝ առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը: Իր հերթին ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, կարևորելով երկու կառույցների սերտ համագործակցությունը, նշել է, որ 2018-2020թթ. համագործակցության ծրագրի հաստատումով երկու համակարգերի միջև համագործակցությունը ավելի է ամրապնդվելու, որն էլ երկուստեք նպաստելու է աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության՝ 2018-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը, որով նախատեսվում է երկու հարկային մարմինների միջև տեղեկատվության, առաջավոր փորձի փոխանակության, կադրերի ուսուցման կազմակերպման, համատեղ հսկողական միջոցառումների և հարկային վարչարարության այլ ուղղություններով աշխատանքների իրականացում:
|