Եռօրյա այցով Արցախում են գտնվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցները՝ կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ղեկավարությամբ: Այցի շրջանակում այսօր տեղի ունեցան Արցախի և Հայաստանի հարկային մարմինների համատեղ քննարկումներ՝ տեղեկատվական ոլորտում ունեցած ձեռքբերումների, առաջիկա անելիքների, ինչպես նաև առողջ թիմային միջավայր ստեղծելու ու թիմային որոշումներ կայացնելու շուրջ: Հյուրերին ողջունեց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ կարևորելով նման այցերը: «Ժամանակակից պայմաններում խիստ կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը, որը համարվում է բարեփոխումների իրականացման առանցքային գործիք և հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել գործընթացները: Այսօր պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել՝ կիրառելով նորարար տեխնոլոգիաներ»,- իր խոսքում ընդգծել է Արթուր Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով կոմիտեի ղեկավարությանն ու անձնակազմին՝ փորձի փոխանակման, մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման և մի շարք այլ բնագավառներում արդյունավետ փոխգործակցության համար: Իր հերթին ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը, շնորհակալություն հայտնելով արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար, կարևորել է երկու համակարգերի տեղեկատվական կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում գերատեսչությունների աշխատակիցները ներկայացրել են շնորհանդեսներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած ձեռքբերումների վերաբերյալ:
|