2019 թվականի ինն ամիսների ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 102.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 12.8 մլրդ դրամով կամ 14.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 82.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78.9 մլրդ դրամի դիմաց կամ ավել 4.4 տոկոսով: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի ինն ամիսների ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 65.4 %-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 34.2%-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար` 86.5 % և 11.9 %: Ապրանքանյութական արժեքների ներմուծման և արտահանման գործարքներ են իրականացվել նաև Քարվաճառ-Վարդենիս նոր ճանապարհահատվածի առաջին կիլոմետրում տեղակայված նորաբաց «Միջնաբերդ» հսկիչ կետով: Մասնավորապես, համաձայն հսկիչ կետում արձանագրված տվյալների, սեպտեմբեր ամսվա ընթացքում ներմուծումները կազմել են 13.8 մլն դրամ, արտահանումները` 2.2 մլն դրամ:
|