Դեկտեմբերի 14-ին Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն ու հարակից օրենքների նախագծերի փաթեթը: ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնելով Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագծով ծրագրավորված սեփական մուտքերի և ծախսերի ցուցանիշները` ընդգծել է, որ երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթում ներառված են տնտեսության զարգացմանն և սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հիմնական դրույթները: Այնուհետև նախարարը ներկայացրել է բյուջեին հարակից օրենքների նախագծերի փաթեթը` նշելով, որ փոփոխություններով առաջարկվում է վերանայել գործող օրենքներով Հանրապետության Նախագահին, կառավարությանը և վարչապետին վերապահված իրավասությունները, դրանք համապատասխանեցնելով 2017թ. փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթներին: Մի շարք հարկային օրենքներում նախատեսվող փոփոխությունների փաթեթը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը` շեշտելով, որ փոփոխությունները պայմանավորված են տնտեսության որոշ ոլորտներում գործող արտոնությունների կիրառման ժամկետների երկարաձգման, հարկման մեխանիզմների կատարելագործման, որոշ պատասխանատվության միջոցների վերանայման և օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նիստի ավարտին, ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը մինչև 2018թ. դեկտեմբերի 21-ը ընդմիջելու մասին` տեղեկացնելով, որ պատգամավորները և խմբակցությունները կարող են առաջարկներ ներկայացնել 24 ժամվա ընթացքում:
|