ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
Նախարարության մասին / Կանոնադրություն

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

մարտի 9-ի N 223-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում գործադիր իշխանության քաղաքականությունը: Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

2. Նախարարության լիազորությունները սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին ու այլ իրավական ակտերին համապատասխան և դրանցով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

4. Նախարարությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

5. Նախարարության լրիվ անվանումն է`

հայերեն` Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,

ռուսերեն` Министерство финансов и экономики Республики Арцах,

անգլերեն` Ministry of Finance and Economy of the Republic of Artsakh:

6. Նախարարության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 փողոց N 1, կառավարության շենք:

7. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարներից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից: Նախարարության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

8. Նախարարության աշխատողներն իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխան կարող են լինել հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական աշխատանք կատարողներ և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Նախարարությունում քաղաքացիական ծառայողների պաշտոնները դասակարգվում են «Քաղաքացիական ծառայության մասինե օրենքին համապատասխան:

 

2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) բյուջետային գործընթացի կազմակերպումը՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.

2) ֆինանսական համագործակցության, ֆինանսատնտեսական, վարկային, հարկաբյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակմանը և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը.

3) կապիտալի, ֆինանսական շուկայի, այդ թվում` աուդիտորական, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

4) հաշվապահական հաշվառման (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների) և աուդիտորական գործունեության քաղաքականությունների ու մեթոդաբանության մշակումը և դրանց իրականացման աշխատանքների կատարման ապահովումը.

5) Արցախի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման քաղաքականության մշակումը.

6) պետական մարմինների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

7) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման կազմակերպումը և իրականացումը.

8) պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ ֆինանսական մոնիթորինգը.

9) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը.

10) գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը.

11) պետական պարտքի կառավարումը.

12) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

13) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը.

14) գործարարության և ներդրումների համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը.

15) արդյունաբերության մրցունակության բարձրացումը և արտահանման խթանումը.

16) առևտրի համար բարենպաստ միջավայրի ապահովումը.

17) որակի ենթակառուցվածքների զարգացումը.

18) սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.

19) մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականության մշակումը.

20) պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը.

21) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ ոլորտների իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում`

ա. մակրոտնտեսական հիմնական նպատակային ցուցանիշների որոշումն ու սահմանումը, մակրոտնտեսական ցուցանիշների ծրագրավորումը, մակրոտնտեսական ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը,

բ. մակրոտնտեսական և բյուջետային ծախսային քաղաքականությունների տեսանկյունից այլ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցությունը` իր իրավասությունների սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները,

գ. ռազմավարական ծրագրի մշակման, տարեկան միջոցառումների ծրագրի ճշգրտման և վերանայման աշխատանքներին անմիջական մասնակցությունը,

դ. պետական պարտքի գնահատումը.

2) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում`

ա. հարկային և այլ եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,

բ. միջնաժամկետ և հեռանկարային հարկային և այլ եկամուտների քաղաքականության մշակումը,

գ. միջազգային հարկային համագործակցության ուսումնասիրությունը և քաղաքականության մշակումը,

դ. բյուջետային եկամուտների գնահատումը.

3) բյուջեների կազմման մասով`

ա. առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում` պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերն ու դրանք ներկայացնելու կարգերի մշակումը և տրամադրումը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին,

բ. պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա` Արցախի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

գ. «Արցախի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի մշակումը,

դ. Արցախի Հանրապետության բյուջետային ուղերձի մշակումը (սահմանված կարգով՝ այլ պետական կառավարման մարմինների հետ համատեղ),

ե. Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը,

զ. Արցախի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

է. Արցախի Հանրապետության համախմբված բյուջեի ցուցանիշների ծրագրավորումը,

ը. Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

թ. Արցախի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, այդ ծրագրերի կազմման մեթոդաբանության մշակումը,

ժ. բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և կիրարկման կազմակերպումը,

ժա. պետական մարմինների` բյուջետային գործընթացում ներգրավված աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացի համակարգումը.

4) բյուջեների կատարման մասով`

ա. Արցախի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

բ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը,

գ. Արցախի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովումը,

դ. Արցախի Հանրապետության և համայնքների տնօրինության ներքո գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը,

ե. պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

զ. պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական և համայնքային հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,

է. Արցախի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, Արցախի Հանրապետության անունից պարտատոմսերի, մուրհակների, այլ վճարային արժեթղթերի թողարկումը, Արցախի Հանրապետության պետական բյուջեից` ներառյալ միջազգային ծրագրերի միջոցներից, վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

ը. պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

թ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի, համայնքների բյուջեների և արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվություններ ստանալը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն ու ներկայացնելը,

ժ. Արցախի Հանրապետության պետական պարտքի կառավարումն ու սպասարկումը,

ժա. Արցախի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),

ժբ. Արցախի Հանրապետության նկատմամբ առաջացած` պարտավորությունների հաշվառումը,

ժգ. բյուջեների կատարումն ապահովող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

ժդ. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանակներում նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների` համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,

ժե. Արցախի Հանրապետության համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը.

5) էկոնոմիկայի բնագավառում՝

ա. տնտեսական հետազոտությունների, ցուցանիշների հավաքագրման, վերլուծությունների ու գնահատումների իրականացում և դրանց արդյունքների հիման վրա տնտեսական քաղաքականության, գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերի մշակում,

բ. սոցիալական, ֆինանսական, տարածքային տնտեսական, սակագնային, քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,

գ. ձեռներեցության, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության մշակում և իրականացում,

դ. «պետություն-մասնավոր հատված» համագործակցության քաղաքականության մշակում, պետական և մասնավոր հատվածի համագործակցության ոլորտային հարթակների ձևավորում,

ե. իր իրավասության սահմաններում տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստրի վարում,

զ. արդյունաբերական ներուժի ընդլայնման և մրցունակության բարձրացման, արդյունաբերության տեխնոլոգիական վերազինման և ինովացիոն լուծումների ներդրման քաղաքականության մշակում և իրականացում,

է. որակի ենթակառուցվածքի՝ տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության գնահատման, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և հավաստագրման ոլորտների պետական քաղաքականության, սպառողների շահերի և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակում, իրականացում և համակարգում,

ը. տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության մշակում, գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, կազմակերպությունների ստեղծմանը և զարգացմանը նպաստող գործարար միջավայրի ձևավորում,

թ. կորպորատիվ կառավարման իրավական դաշտի և կանոնների մշակում,

ժ. ներդրումների ներգրավման և պաշտպանության քաղաքականության և օրենսդրական դաշտի մշակում, դիտանցման իրականացում,

ժա. արտահանման խթանման քաղաքականության մշակում և իրականացում,

ժբ. մտավոր սեփականության պահպանության քաղաքականության մշակում.

6) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

ա. գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը,

բ. գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը և գնումների գործընթացի կազմակերպման շրջանակներում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը,

գ. պատվիրատուների գնումները համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը,

դ. տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը,

ե. պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը,

զ. գնումների գործընթացի կազմակերպման շրջանակներում` պետության կարիքների համար պարբերաբար ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների շուկայական գների ուսումնասիրումը և կողմնորոշիչ գների հրապարակումը,

է. պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը,

ը. պետության կարիքների համար կնքված պայմանագրերի, ինչպես նաև պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործընթացների գծով ընտրանքային կարգով մոնիթորինգի իրականացումը,

թ. գնումների ոլորտը կարգավորող Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախարարությանը վերապահված գնումների գործընթացի կարգավորման և համակարգման այլ լիազորությունների կատարումը.

7) հաշվապահական հաշվառման՝ ներառյալ հանրային հատվածի կազմակերպությունների և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտներում`

ա. հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում նորմատիվ ու մեթոդական կարգավորումների առկայության ապահովումը և դրանց կիրարկման մշտադիտարկումը,

բ. հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և դրա կիրառման հրահանգի մշակումն ու հաստատումը, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների մշակումն ու հրապարակումը,

գ. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի, այդ թվում՝ ստանդարտի, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթի, հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի ու գրանցամատյանների օրինակելի ձևերի և այլ իրավական ակտերի մշակումն ու հաստատումը,

դ. աուդիտորների քննությունների կազմակերպումը և որակավորման շնորհումը,

ե. հաշվապահների (այդ թվում` հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների) քննությունների կազմակերպումը և որակավորման շնորհումը,

զ. հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ապահովումը,

է. հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկումը և արդյունքների վերլուծությունը.

8) թանկարժեք մետաղներով ու թանկարժեք քարերով գործառնությունների կարգավորման ոլորտում` թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների կառավարումը, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների արդյունավետ կառավարման վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի և մեթոդական փաստաթղթերի նախագծերի մշակումը.

9) ֆինանսական շուկայի ոլորտում` Արցախի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ֆինանսական միասնական պետական քաղաքականության մշակման ապահովումը, այդ թվում` ֆինանսական շուկայի զարգացման ծրագրերի մշակումը և այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.

10) խաղային բնագավառի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մշակումը, ինչպես նաև այդ բնագավառում նոր գործիքների ու տեխնոլոգիաների ուսումնասիրությունն ու ներդրումը.

11) ֆինանսական համագործակցության ոլորտում`

ա. պետական պարտքի գնահատման, մակրոտնտեսական քաղաքականության և բյուջետային ծախսային քաղաքականության տեսանկյունից տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված պետական մարմինների գործողությունների (վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու, բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումն իր իրավասության սահմաններում` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ որոշված գերակայությունները, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,

բ. Արցախի Հանրապետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

12) պետական սեփականության կառավարման ոլորտում`

ա. բանկերի կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, առևտրային կազմակերպություններում պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների գծով Արցախի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ծրագրավորման գործընթացի համակարգումը, շահութաբաժինների հաշվարկման և Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողությունը,

բ. լուծարված առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում, ինչպես նաև լուծարված ոչ առևտրային կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության պետական բյուջեի օգտին ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային արժեթղթերի) կառավարումը (գանձումը, պահանջի իրավունքի վաճառքը),

գ. Արցախի Հանրապետության կառավարության լիազորությամբ Արցախի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

դ. պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը,

ե. պետական ոչ առևտրային կազմակերպությունների (որպես հանրային ակտիվների) կառավարման մեթոդաբանության և հաշվետվողականության մեխանիզմների մշակումը, այդ կազմակերպությունների գործունեության կենտրոնացված մոնիթորինգի իրականացումը.

13) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում`

ա. նախարարության կողմից` իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

բ. պայմանագրային կամ այլ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Արցախի Հանրապետությունից գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական մարմնի կամ հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը, ինչպես նաև պետության այլ գույքային շահերի պաշտպանությունը,

գ. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետությանը ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,

դ. վարչական մարմինների դեմ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների հաշվառումը, ներկայացվող պահանջների ու վարչական մարմինների վիճարկվող վարքագծի վերլուծությունը, Արցախի Հանրապետության պետական բյուջեի ելքերի և (կամ) եկամուտների վրա ազդող գործերով վարչական դատարանում որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը,

ե. պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը, ինչպես նաև դատական ծախսերն Արցախի Հանրապետության կողմից հատուցելու դեպքում պետության հետադարձ պահանջները գնահատելը և ներկայացնելը,

զ. մի կողմից` Արցախի Հանրապետության, մյուս կողմից` քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը.

14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում`

ա. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը,

բ. տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` նաև այլ պետությունների իրավասու մարմիններին.

15) տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի անվտանգության ապահովման նպատակով համապատասխան միջոցառումների իրականացումը.

16) քաղաքացիական պաշտպանության ոլորտում`

ա. կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը,

բ. ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ,

գ. կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը,

դ. կազմակերպում է համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը,

ե. իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

17) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում` մշակում է նախարարության համակարգի զորահավաքային պլանը և անցկացնում միջոցառումներ` զորահավաքային պլանի կատարումն ապահովելու համար.

18) լիցենզավորման ոլորտում` նախարարությանը վերապահված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորումը և հաշվառումը, դրանից բխող գործառույթների իրականացման ապահովումը, այդ թվում՝ իրավական ակտերի մշակումը․

19) ֆինանսաբյուջետային վերահսկողության մասով՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝

ա. Արցախի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության իրականացումը,

բ. հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսաբյուջետային գործունեության՝ ներառյալ ֆինանսական կառավարման, հսկողության, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև ակտիվների կառավարման գործընթացների (գործարքների)՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության գնահատումը.

20) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

13. Նախարարը հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:

14. Նախարարը`

1) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.

3) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, ռեֆերենտներին ու օգնականներին.

6) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

8) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

9) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

12) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների ու կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները.

14) հաստատում է նախարարության հաստիքացուցակը և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները.

15) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

16) կարող է կազմավորել խորհրդակցական մարմիններ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

17) Ազգային ժողովում պետական բյուջեի մասին օրենքի և պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծերի քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության Նախագահի լիազորությամբ իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներ.

18) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին.

19) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

15. Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ նախարարի հանձնարարությամբ տեղակալներից մեկը:

16. Նախարարի տեղակալը`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

10) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

17. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով նախատեսված լիազորություններ:

18. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, օգնականներ և ռեֆերենտներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

19. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող տեսչությունների)՝ Արցախի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

20. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման՝ իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

21. Նախարարության աշխատակազմը, նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

22. Նախարարության աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, հարկ վճարողի հաշվառման համար, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

23. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

24. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում վարկային և այլ հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության աշխատակազմի ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից եկամուտներն անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար:

25. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով նախատեսված կարգով:

26. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:

27. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից՝ աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), ինչպես նաև բյուջետային ծախսային ծրագրերի շրջանակներում Արցախի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռքբերված գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմիններ են:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն իրականացնում են նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես են գալիս Արցախի Հանրապետության անունից:

35. Առանձնացված ստորաբաժանումներն իրավունք ունեն Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումերն ունեն Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ, նախարարության աշխատակազմի հարկ վճարողի հաշվառման համարով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

8. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

38. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

39. Արցախի Հանրապետության կառավարությունը`

1) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում նախարարի տեղակալներին.

2) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

3) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

4) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

5) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

6) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի կողմից ընդունած իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նախարարության աշխատակիցներից մեկը՝ նախարարի հրամանով, քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) նախարարության իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) ապահովում է աշխատակազմում Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի հետ կապված գործառույթների իրականացումը.

6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից.

7) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

9) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

10) կազմակերպում է նախարարության առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

11) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

12) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

13) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

14) ապահովում է համագործակցությունն Արցախի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

15) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսահաշվային բաժինը, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» օրենքով վերապահված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

9. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

47. Նախարարության աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

10. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (03/18) 401.96 դրամ
EUR (03/18) 438.10 դրամ
RUB (03/18) 4.37 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր